R.P. McMurphy (alkhimik) wrote,
R.P. McMurphy
alkhimik

Օդաչու Հարություն Դավթյանը՝ մեր կողքին ապրող հերոսը

Այս հոդվածի հեղինակն է Ելենա Շուվաևա-Պետրոսյանը։ Իր թույլտվությամբ թարգմանեցինք այն ու տեղադրում ենք նաև մեր կայքում։ Խնդրում ենք բոլորին (առաջին հերթին, իհարկե, պետական մարմիններին), ով կարող է որևէ կերպ աջակցել մեր պատմության հերոսին՝ անտարբեր չմնալ։

Հարություն Դավթյան

Օդաչու Հարություն Դավթյանը գտնում է, որ հայրենիքին օգտակար լինելը՝ մարդկային սովորական ձգտում է:
Նա իր կուրծքը չի ծեծում, չի պահանջում, որպեսզի հայրենիքը գնահատի նրա վաստակը, իսկ առողջության կորստի համար էլ կառավարությունից հատուցում չի պահանջում: Ինչպես երևում է, կառավարությանը դա լիուլի ձեռք է տալիս… Նա, իրոք, որ, շատ համեստ է, այդ պատճառով էլ անարդարացիորեն մոռացված է: Եվ այդուհանդերձ, Արցախում նրան լավ են ճանաչում, նրան հիշում են բոլոր նրանք, ում, իր կյանքը վտանգելով, օգնել է: Բայց, ինչու՞ ոչ ոք չի հետաքրքրվում, թե այդ հերոսն ինչպես է ապրում:
Հարությունն իր չորս անձից բաղկացած ընտանիքի հետ ապրում է «Էրեբունի» օդանավակայանի հանրակացարանում: Սխրագործությունը, որ նա հանուն հայ ֆիդայինների ու ինքնաթիռի փրկման կատարեց, նրան հաշմանդամ դարձրեց, իսկ թոշակից զրկվեց, երբ իր գոյությունը դադարեցրեց «Հայկական ավիաուղիները»:
…Ծնողները կտրականապես դեմ էին, որպեսզի նա ընդունվեր օդաչուական ուսումնարան, սակայն Հարությունն, ուղղակի, տառապում էր երկնքով: Մեկ տարի ուսանելով Պոլիտեխնիկ ինստիտուտում, քննաշրջանի ժամանակ, թերթում անսպասելիորեն մի հայտարարություն է տեսնում, որտեղ ասվում էր, թե՝ Քաղաքացիական ավիացիայի ինստիտուտի համար հավակնորդների հավաքագրում է տեղի ունենում:
Մինչև ընդունելության ավարտը երկու օր էր մնում: Եվ Հարությունը ծառս է լինում. կայծակնային արագությամբ հավաքում է անհրաժեշտ փաստաթղթերն ու ծնողներին հայտարարում. «Վերջ: Կամ բանակ եմ գնում, կամ՝ օդաչուական ուսումնարան»:
Հարությունը հաջող հանձնում է ընդունելության քննությունները և դառնում է Ռյազանի Օդաչուական ուսումնարանի կուրսանտ: Դա 1973 թվականին էր:
ՈՒսումնառության ավարտից հետո նրան Երևան են ուղարկում, ուր և դառնում է Ան-2-ի հրամանատար: Նա իրականացնում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ բեռնատար փոխադրումներ: Հետո Յակ-40 էր, որի ժամանակ Հարությունը նախ երկրորդ օդաչու էր, որից հետո՝ հրամանատար: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա օգնության բեռներ էր փոխադրում աղետի գոտի: Օրերով չէր քնում: «Քնելու ժամանակ չկար, հարկ էր շտապ օգնել մարդկանց: Մինչև հիմա մտածում եմ, արդյո՞ք այն օրերին չէի կարող ավելին անել…» ,- ասում է իմ զրուցակիցը: Այն օրվանից, ինչ հաշմանդամ էր դարձել և ժամանակի մեծ մասը ստիպված էր տանն անցկացնել, կյանքի ու դրա վերաիմաստավորման խոհերը նրա համար հիմնական չարչրանքն էին դարձել:

Հարություն Դավթյան

Հարություն Դավթյան

…Պատերազմի ժամանակ Ա. Դավթյանը Երևանից համակարգված թռիչքներ էր իրագործում Ստեփանակերտ: Իշխանությունների մոտ նա լավ համարում ուներ, նրան վստահում էին: Կյանքը վտանգելով, Հարությունը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության մարտիկների համար զենք էր տեղափոխում: Մի անգամ նրան խնդրում են ինքնաձիգ տեղափոխել: Օդաչուն հաստ բաճկոնակի տակից այն ամրացնում է մեջքին: Բայց, երբ Ստեփանակերտում տեսնում է օմոնական մեծ ջոկատաշղթա /կորդոն/, վերադառնում է ինքնաթիռ, արձակում է ինքնաձիգն ու պահում թևատակում, որոշելով, որ եթե սկսեն ստուգել, ապա կհանի զենքն ու՝ թող լինի այն, ինչ լինելու է: Փառք Աստծո, բարեհաջող շրջանցում է օմոնականներին… Եղել է նաև մի այսպիսի դիպված. նրան խնդրում են մանկական սնունդ տեղափոխել: Տուփերի մեջ «տեղ-տեղ» փամփուշտներ էին տեղակայված: Ստեփանակերտում բեռները շարում են ասֆալտի վրա և սկսում են սվիններով ստուգել պարունակությունը: Մի քանի տուփ ծակում են՝ և ոչինչ, դատարկ են: Հարությունը սկսում է վրդովվել. իբրև՝ անհարմար չեք զգում, իսկ եթե այդ սնունդը քաղցից մեռնող ձեր երեխաների համար լինե՞ր… Մի խոսքով, դուրս են պրծնում: Օդաչուն հիշում է, որ մի անգամ ինքը «Գրադ»-ի համար նախատեսված 40 հատ արկերի /յուրաքանչյուրը՝ 80կգ./ փոխարեն, իր իսկ պատասխանատվությամբ երկու անգամ ավելին է բեռնում: Եվ տեղ է հասցնում: Ճիշտ է, ստիպված է լինում պոկվել ադրբեջանական ինքնաթիռի հետապնդումից, և մեքենան այնքան դժվարությամբ է վայրէջքում, որ արկերը ինքնաթիռի միջնապատերն են քանդում:
1992թ. մայիսի 9-ին, երբ Շուշին ազատագրում են, Հարություն Դավթյանը և երկրորդ օդաչու Միշա Անդրեասյանը թռչում են Ղարաբաղ: Նոր էին վայրէջք կատարել, երբ Հարությունը տեսնում է, որ ադրբեջանական Սու-25-ը մտնում է Շուշի, իջեցնում է քիթն ու հրթիռներ է նետում այն հարթակի վրա, որտեղ հայկական չորս ինքնաթիռներ էին կանգնած: Նա 25 ֆիդայինների նստեցնելով ինքնաթիռ, կրկին օդ է բարձրանում: Երբ ինքնաթիռն արդեն ամպերից վեր, 5400 մետր բարձրության վրա էր, պարզվում է, որ այրվում է ինքնաթիռի թևը: Այժմ հղենք պաշտոնական փաստաթուղթը, որի համաձայն՝ «1992թ. մայիսի 9-ին, Ստեփանակերտի օդանավակայանից դուրս եկած Յակ-40 N 87532 ինքնաթիռը օդանավի հրամանատար Հարություն Վահանովիչ Դավթյանի կառավարմամբ, գրոհի ենթարկվելով, խփվեց ադրբեջանական ՎՎՍ Սու- 25 ինքնաթիռի կողմից: Հարությունը փորձեց ինքնաթիռը հեռացնել և 5 հազար մետր բարձրության վրա թաքնվել ամպերի մեջ: Բայց, ապարդյուն: Գրոհի արդյունքում էլ բոցավառվեց աջ թևը: Անձնակազմն առանց շասսիներն ու թևակներն իջեցնելու, վթարային վայրէջք իրագործեց Սիսիանի օդանավակայանում, որը սարքավորված չէր գիշերային թռիչքների համար: Վայրէջքի արդյունքում ինքնաթիռը լուրջ վնասվածքներ ստացավ և երկկես լինելով, այրվեց: Ինքնաթիռում եղած 25 ուղևորները շնորհիվ անձնակազմի և հրամանատարի ինքնազոհ ու գրագետ գործողությունների, չեն տուժվել»:

Як-40

Այդ ժամանակ էլ օդանավի հրամանատար Ա. Դավթյանը ստացավ պարանոցային ողնաշարի վնասվածք, չորրորդ ողի կոմպրեսիոն ջարդվածք, ողնուղեղի վնասվածք, որոնք և նրան դարձրեցին երկրորդ խմբի հաշմանդամ: Սովմինի առաջին քարտուղարը, որը նրան այցելել էր Հիվանդանոցում, բացականչելով «Դուք հերոս եք», խոստացավ և՛ կոչում, և՛ բնակարան, և՛ ամառանոց, և՛ ավտոմեքենա: Արդյունքում խոստումները մնացին որպես լոկ խոստումներ: Միշա Անդրեեասյանը, որը հրահանգիչ էր, այս ու այն կողմ ընկնելով, Առաջին աստիճանի Խաչ ստացավ, Հարություն Դավթյանը՝ Երկրորդ աստիճանի Խաչ: Չնայած, թվում է թե պետք է հակառակը լիներ: Ինչ խոսք, Դավթյանը պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով: Բայց, արդյո՞ք խոսքը միայն խիզախության մասին է…
…Վլադիմիր Պուտինն իր նախագահության շրջանում պարգևատրեց Մոսկվայի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած օդաչուներին, շնորհելով նրանց Ռուսաստանի հերոսի կոչում: Իսկ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պետական պարգևներ շնորհեց Տու-154 ինքնաթիռի անձնակազմին, որը 2010 թվականի սեպտեմբերին վթարային վայրէջք կատարեց Կոմի հանրապետությունում: Ավիալայներում կային ավելի քան 70 ուղևորներ, որոնցից ոչ սք չէր տուժել: Էքստրեմալ պայմաններում ծառայողական պարտքի կատարման ժամանակ արիություն ու հերոսություն ցուցաբերելու համար օդաչուները ստացան Ռուսաստանի հերոսի կոչում: Միթե՞Հարություն Դավթյանի սխրանքը ավելի պակաս նշանակալից է:
1992 թվականից Հարությունի մոտ սկսվում են տառապանքի ուղիները. հիվանդանոցից հիվանդանոց: Ջղային հողի վրա բացվում է տասներկումատնյա աղիքի խոցը, անհանգստացնում է սիրտը. երկու անգամ ինֆարկտ է տանում… Երբ դեռ գոյություն ունեին «Հայկական ավիաուղիները», Հարությունը հաշմանդամության թոշակ էր ստանում, իսկ այժմ նրան անհրաժեշտ են թանկարժեք դեղամիջոցներ, և հոգածության կարիք էլ ունի /վերջերս արյան զեղում ստացավ/: Անհեթեթություն է, բայց փաստ է. հերոսը սառչում է հանրակացարանում, գոյության համար չունենալով ոչ մի միջոց: Այո, նա իր կուրծքը չի ծեծում, չի պահանջում, որպեսզի հայրենիքն իր վաստակը գնահատի… Նա լուռ ու մունջ քարշ է տալիս իր գոյությունը. և դա մեզ՝ բոլորիս համար մեծ նախատինք է:
Նրա համեստ ապրելատեղիում սեղանի վրա դրված է այն նույն ինքնաթիռի այրված ժամացույցը: Ինքնաթիռն այրվեց, իսկ ժամացույցը մնաց, և ահա, շուրջ քսան տարի է շարունակում է չափել ժամանակը: Հարություն Դավթյանը ուրախանում է, որ Արցախի ու Հայաստանի համար ժամանակը նույնպես կանգ չի առել: Բայց, միայն թե, շատ է ցավալի, որ այդ ժամացույցը չափում է նաև մեր անտարբերությունն ու խստասրտությունը, մեր անկարողությունը, որ չենք կարողանում գնահատել հերոսներին կենդանության օրոք: Բայց, չէ՞որ նրանց հենց կյանքի ընթացքում է պետք այդ ուշադրությունը. առանց ետմահու մեծարանքների նրանք մի-կերպ յոլա կգնան:

Ելենա Շուվաևա-Պետրոսյան

Ավիատոր | Մեր սիրտը երկնքում է
Հրապարակված է Ավիատոր-ում
Ուզու՞մ եք խոսել այս մասին։
Tags: Ավիատորներ, Հայաստան, Պատմություն
Subscribe

Comments for this post were disabled by the author