September 28th, 2011

Դրոշ-դրոշ

- Հոպար, մի բան խնդրենք էլի։ Կարա՞նք էսի փոխենք ձերի հետ։
Էս հարցը սեպտեմբերի 21-ին լսեցի մի խումբ դեռահաս լակոտներից, որոնցից մեկը ձեռքում բռնել էր «Երևան - 2793» սպիտակ դրոշը։ Էդ դրոշը ՀՀ եռագույն դրոշի հետ միասին երևի շատերդ տեսած կլինեք այդ օրերին։ Շատ գեղեցիկ զույգով զարդարում էին Երևանի փողոցները։
Էդ տղերքը, փաստորեն, հաջողացրել էին ցրել սպիտակը, բայց եռագույնը չէին հասցրել, ու իմ ձեռքում այն տեսնելով դիմեցին փոխանակման առաջարկով։
Անկեղծ ասած, աչքերս կլորացավ.
- Տղերք, գիտեք, ինչի մասին եք խոսում։ Սա մեր պետության դրոշն է։ Խորհրդանիշն է մեր պետության։ Իսկ դուք, հերիք չի գողացել եք, մի հատ էլ ուզում եք փոխել, կարծես ինչ որ ծամոնի ներդիր լինի: (Եվ իրոք, առաջին իսկ վայրկյանից հիշել էի էդ անտեր դոնալդներն ու տուրբոները)
- Հաաա, հոոոպար, պռոստը ուզում էինք բռնել, - մի լյաաաաաաաավ երգըրցնելով ասեց տղեքից մեկը։
- Տղերք, սրբություն է պետք ունենալ։ Կան բաներ, որոնց չի կարելի էդպես վերաբերել...
- Է՜։ Մենք սրբություն ունենք, հոպար, - նեղացան։
- Քո ունեցած սրբությունը գողական է ու իրական չէ։
Մի բանի համար եմ ուրախ։ Էն մեկը, որ ձեռքում էդ դրոշը պահել էր։ Իմ առաջին պատասխանից հետո աչքերն ուղղեց գետնին, կարմրեց ու մինչև զրույցի ավարտը կարմրած կանգնած էր, ու պարզ էրևում էր, որ ամաչում էր էն լյակոտ ընկերոջ համար։ Մի բան շարժվեց ուղեղում։ Մանրից կհասկանա, որ էդ թայֆեն իրանը չի։
P.S. Մի քանի օր առաջ լսում էի, ոնց էր մի հայ երիտասարդ ծաղրում ԱՄՆ-ի դպրոցականնների ամենօրյա դրոշի բարձրացման ու երդման արարողությունը։ Ճիշտ ա, մյուս կողմից էլ ամերիկացիների մոտ էլ դրոշից ներքնազգեստ կարելու թուլություն կա, բայց ընդհանուր առմամբ դրոշն իրենց համար իրոք խորհրդանիշ է։ Որը մենք չունենք դեռ։ Այսինքն՝ ունենք, բայց դեռ չունենք։